ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱԶԱՏ ԴՊՐՈՑԻՆ

     Աշնանային անակնկալները շարունակում են ուրախացնել Վայոց ձորի մարզի Ելփինի միջնակարգ դպրոցի ողջ անձնակազմին ու աշակերտներին։ Այս անգամ բարեգործության սահմանները ձգվեցին մինչև հեռավոր Արևելք։ ՌԴ Նախոդկա քաղաքի բնակիչ, Նախոդկայի քաղաքային խորհրդի պատգամավոր Սամվել Սարգսի Ավետիսյանը , ով նախկինում էլ շատ անգամներ է աջակցել դպրոցին, նվիրաբերությունն այս անգամ էլ չուշացրեց.  դպրոցի ճաշարանին 10 սեղան և 40 աթոռներ, իսկ դասասենյակներին` 22 էլեկտրական ջեռուցիչներ։
     Խոսելով դպրոցի կոլեկտիվի անդամների հետ` Սամվել Ավետիսյանը, ով ծնունդով Ելփին գյուղից է, իր մտահոգությունները կիսեց գյուղի դպրոցի և աշակերտների ապագայի նկատմամբ։ Նա խոստացավ միշտ օգնել դպրոցին, և շուտով ` գարնանը, կսկսի հանդիսությունների դահլիճի նորոգումն ու նոր գույքով կահավորումը։

 

 

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՈՒՍՈՒՑՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

     Այսօր` հոկտեմբերի 5-ին, մեծ անակնկալով սկսվեց Վայոց ձորի մարզի Ելփինի միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվի համար:

     ՈՒսուցչի մասնագիտական տոնի առթիվ իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները հղեց ուսուցիչներին համայնքի ղեկավար պարոն Խ. Ավետիսյանը` ցանկանալով առողջություն, բեղմնավոր աշխատանք ու հաջողություններ:

     Անակնկալ ունեին ոչ միայն ուսուցիչները, այլև առաջին դասարանցիները.

     <<Բեզոար>> բնապահպանական հիմնադրամը (տնօրեն` Ելփինի բնակիչ Մոււրադ Հարությունյան) բարերար Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ պայուսակներ ու գրենական պիտույքներ նվիրեց նրանց, իսկ ուսուցչական կոլեկտիվին, մաղթելով երկարատև բեղուն ու ստեղծագործ աշխատանք, հանձնեց նվերներ:

 

ՆՎԵՐՆԵՐ 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻՆ

     Բարությունը սահմաններ չունի, սահմաններն  ու դժվարությունները չեն խոչընդոտում բարի ու կամեցող մարդկանց:

     2017-2018 ուստարվա 4-րդ դասարանցիները հաճելի անակնկալ ստացան.

     Ելփինի միջնակարգ դպրոցի նախկին սան Արսեն Գևորգի Ղազարյանը  (մշտ. բնակ. ՌԴ) աշակերտներին պայուսակներ նվիրեց` շարունակելով բարի գործն իր հոր` Գևորգ Ղազարյանի, որը 3 տարի առաջ նույն դասարանին նվիրել էր պայուսակներ ու գրենական պիտույքներ:

 

ՖԻԶԿՈՒԼՏԻ ՕՐ

ՖԻԶԿՈՒԼՏԻ  ՕՐ

2017թ սեպտեմբերի 23-ին Վայոց ձորի մարզի Ելփինի միջնակարգ դպրոցում աշխույժ եռուզեռ էր.

     Վայոց ձորի մարզպետ պարոն Հ. Սարգսյանի կարգադրությամբ սեպտեմբերի 23-ը հայտարարվել էր ֆիզիկական կուլտուրայի օր: Դպրոցի աշակերտները ակտիվորեն մասնակցեցին տարբեր մարզական միջոցառումների, խաղերի: Լավագույնները խրախուսվեցին տնօրենության կողմից տրված պատվոգրերով:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1

Վայոց ձորի մարզի Ելփինի միջնակարգ դպրոցում մեկնարկեց 2017-2018 ուսումնական տարին:

Ի սրտանց ուզում ենք բոլորին փոխանցել մեր շնորհավորական ուղերձը:

Սիրելի’  դպրոցականներ, մանկավարժներ ու ծնողներ,

Շնորհավորում ենք բոլորիդ Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ:

Կրթության հազարամյա պատմություն ունեցող մեր ժողովուրդը առանձնահատուկ հոգատարություն ունի դպրոցի եւ ուսուցչի  հանդեպ: Գիտելիքի եւ կրթության ձգտումը հայի ազգային  բնավորության  բաղկացուցիչն  է, երկրի  զարգացման ու հզորացման  կարեւորագույն գրավականը:

Այսօր  գիտելիքն  ու  կրթությունը  ամենաթանկ կապիտալն ու մարդկային  առաջընթացի ամենակարեւոր նախապայմաններն  են: Պետության  վաղվա օրը երաշխավորված է, եթե հասարակությունը կրթված է: Մենք բոլորս քաղաքացիական բարձր պատասխանատվություն ունենք մասնակցելու հայրենասեր, բանիմաց ու կիրթ հասարակության կայացմանը:

Ելփինի միջնակարգ դպրոց: